Մի փոքր տրամաբանություն․․․

Տրամաբանությունը գործիք է, որի միջոցով կառուցվում են բոլոր այն համակարգերը, որոնք նախատեսված լայն կիրառություն ունենալու համար։ Կա ընդունված տրամաբանական մոտեցում և կա ոչ ստանդարտ, կամ ոչ կոռեկտ տրամաբանություն։ Եկեք խոսենք ընդունվածի մասին։

Քչերը գիտեն, որ մենք մեր առօրյա խոսքում հաճախ կիրառում ենք տրամաբանական օպերատորներ և կանոններ։ Օրինակ՝ և, կամ, բայց, սակայն, այնուամենայնիվ, բայցևայնպես, եթե-ապա և էլի շատ նմանատիպ բառեր և կապակցություններ հանդիսանում են հենց տրամաբանական օպերատորներ և ֆունկցիաներ։

Միևնույն ժամանակ կան տրամաբանական կաննոներ։ Օրինակ՝ modus ponens կանոնը, որն ասում է, որ եթե ինչ-որ պնդում ճիշտ է, և նրանից հետևում է մեկ այլ պնդում, ապա այդ երկրորդ պնդումը ևս ճիշտ է։ Օրինակ՝ “բոլոր մարդիկ մահկանացու են” և “Պողոսը մարդ է” պնդումներից հետևում է՝ “Պողոսը մահկանացու է”։

Հաճախ մենք նույնիսկ բարեհաջող կերպով կարողանում ենք կիրառել մեկ այլ տրամաբանական օպերատոր՝ ժխտումը։ Սակայն երբեմն կարող ենք ականատես լինել իրավիճակի, երբ այդ օպերատորը սխալ է կիրառվում։ Սխալ կիրառությունը կարող է հանդիպել այլ օպերատորների դեպքում ևս, բայց ժխտումն է՛լ ավելի հաճախ է սխալվելու առիթ դառնում։

Վերցնենք հետևյալ պնդումը՝ “բոլոր մեքենաները կարմիր են”։ Արդյո՞ք սրա խժտում է հանդիսանում “ոչ մի մեքենա կարմիր չէ” պնդումը։ Իհարկե ոչ։ Այդ երկու պնդումներն իրար հետ կապված չեն ժխտում օպերատորով, դա, միգուցե, այլ օպերատոր է։ Իսկ ճիշտ ժխտում է հանդիսանում՝ “գոյություն ունի ոչ կարմիր մեքենա” պնդումը։ Ուշադիր ընթերցողը կարող է նկատել, որ նախնական միտքն ու խժտումը միանգամայն տարբեր կառուցվածք ունեն։ Առաջինում մեքենա գոյականը մասնակցում է հոգնակի թվով, երկրորդում՝ եզակի, առաջինում խոսվում է բոլորի մասին, երկրորդում՝ գոյություն ունենալու։ Բանն այն է, որ “բոլոր” և “գոյություն ունի” կատեգորիաները ևս տրամաբանություն ունեն իրենց մեջ և դրանցից մեկը հանդիսանում է մյուսի ժխտումը։

Հաճախ մենք, չխորանալով դրա մեջ, կարողանում ենք ինքնաբերաբար կառուցել ժխտում պարունակող մտքեր։ Սակայն միշտ չէ, որ դա հաջողվում է անել առանց մտածելու։

Եկեք դիտարկենք մեկ այլ տրամաբանական կառուցվածք։ “Եթե եղանակը լավն է, ապա երեխաները խաղում են բակում”։ Այստեղ կիրառված է տրամաբանական “եթե-ապա” կամ “հետևում է” օպերատորը։ Այլ բառերով եթե ասենք, ապա եղանակի լավը լինելուց հետևում է այն, որ երեխաները դրսում խաղում են։ Այս պնդումը կարող է ինչպես ճիշտ լինել, այնպես էլ սխալ։ Օրինակ՝ եթե նայում եմ պատուհանից դուրս և տեսնում եմ, որ երեխաները չեն խաղում։ Ի՞նչ պնդում կարող եմ անել ես՝ հավատալով պնդման ճիշտ լինելուն։ Ես կարող եմ պնդել, որ երեխաների չխաղալու փաստից հետևում է, որ եղանակը լավը չէ։ Դա այն դեպքում, եթե նախնական պնդումը նույնաբար ճիշտ է։

Իսկ ի՞նչ կարող ենք ասել, եթե եղանակը լավը չէ։ Վատ եղանակին երեխաները ի՞նչ պետք է անեն, որպեսզի չհակասեն նախնական պնդմանը։ Մի քիչ մտածելու դեպքում կգանք այն եզրակացությանը, որ ինչ էլ անեն երեխաները՝ դա չի ազդի պնդման հաստատելուն կան հերքելուն, երբ եղանակը լավը չէ։ Այսպես քիչ-քիչ կգանք այն մտքին, որ նախնական պնդումը խախտվում է միայն այն դեպքում, երբ արև է, ԲԱՅՑ երեխաները չեն խաղում։ Եվ մենք հանգեցինք մի նոր օպերատորի՝ “բայց”։

Փորձենք կառուցել խաղացող երեխաների մասին պնդման ժխտումը։ Այսինքն մի պնդում, որը ճիշտ է այն դեպքում, երբ խախտվում է նախնական պնդումը։ Ժխտումը կլինի այն, որ արև է և երեխաները չեն խաղում։ Եթե ես նայում եմ պատուհանից և տեսնում եմ, որ արևոտ եղանակ է և բակում չկան խաղացող երեխաներ, ապա նախնական պնդումը սխալ է։ Այս դեպքում մենք նույն մտքին եկանք՝ “բայց” օպերատորի փոխարեն կիրառելով “և” օպերատորը։

Եվ, այ քեզ հրաշք, ստացվում է, որ դրանք նույն տրամաբանական իմաստն ունեն։ Այդ դեպքում ի՞նչն է տարբերությունը “և” և “բայց” օպերատորների միջև։ Տարբերությունը մեր վերաբերմունքն է առ այս կամ այն երևույթ։ Եթե մենք առօրյա խոսքում “բայց” ասելու փոխարեն ասենք” և”, ապա մեր խոսակիցը միշտ չի, որ կհասկանա մեր վերաբերմունքը։ Իսկ մենք, մարդիկս, շատ ենք սիրում ամեն ինչում դա ընդգծել։ “Բայց” կապը թույլ է տալիս խոսացողին արտահայտել իր ափսոսանքը, իր տխրությունը առ այն, որ, չնայած որ եղանակը լավն է, բայց, արի ու տես, երեխաները դուրս չեն եկել խաղալու։ Փորձեք նույն բանն ասել կիրառելով “և” կապը, և կտեսնեք, թե որքան էմոցիաներից զուրկ կստացվի ձեր խոսքը։

Տրամաբանությունն ամենուր է, և այն մարդը, ով դա տեսնում և դրանից կարողանում է օգտվել՝ շահում է։ Մի վախեցեք տրամաբանել։

Հեղինակ՝ Վահրամ Մարտիրոսյան