Թամբալ ծրագրավորողի հեքիաթը





Photo by Thiago Victal on Unsplash

Լինում է, չի լինում, մի Ուսանող է լինում։

Բայց նա իր կամքով չէր դարձել ուսանող, ինչպես և աշխարհի ուսանողների մեծ մասը։ Ուսանող դառնում են, քանի որ ծնողներն ու հարևաններն են այդպես ուզում։ Այդպես էլ մեր Ուսանողն էր դարձել։ Բայց նա սովորական ուսանող չէր, ինչպես տասնյակ հազարավոր այլ ուսանողներն էին։ Նա Ուսանող էր, որ որոշել էր դառնալ Ծրագրավորող։ Բայց, ինչպես դա հաճախ է պատահում, նրան ոչ ոք չէր ասել, թե դա ինչպես է լինում։ Առասպելներ էին պտտվում, որ Ծրագրավորող դառնալու համար սկզբում պետք է լինել Ուսանող։ Ասում էին, որ դա բավական է։ Բայց ոչ ոք չգիտեր իրականությունը։

Իրականում, էդ աշխարհն այնպես էր սարքած, որ Ծրագրավորող դառնալու համար պետք էր տանջվել։ Պետք էր աշխատասեր լինել ու կարդալ-գրել տարին բոլոր։ Պետք էր գիշերները չքնել ու պրոեկտներ անել։ Պետք էր բան ու գործ թողնած առավոտից երեկո պատրաստվել տարատեսակ քննությունների՝ ոչ թե քննությունը ստանալու նպատակով, այլ գիտելիք ձեռք բերելու համար։

Բայց դե մեր հերոսին ոչ ոք այդ մասին չէր ասել։ Իսկ գիտե՞ք, թե ինչու․․․ Ախր ոչ ոք էդ մասին չգիտեր։ Նույնիսկ նրանք, ովքեր անցել էին այդ Ուղին և դարձել էին Ծրագրավորող։ Իրենք էլ չգիտեին, թե դա ինչպես էր եղել։ Ո՞ր պահին է Ուսանողը դառնում Ծրագրավորող․․․ Իսկ դա տեսնելու համար պետք է լինել Դիտորդ։ Երբ դու կյանքի ու պրոցեսի հորձանուտի մեջ ես, դու չես տեսնում, դու չես հասցնում տեսնել ու վերլուծել։ Դու հազիվ հասցնում ես ապրել և արարել։ Իսկ Դիտորդը կարող է տեսնել։ Նա դրսում է։ Հորձանուտը չի փակում Դիտորդի տեսադաշտը, չի լցվում աչքերը։

Բայց Ուսանողը Դիտորդին չէր ճանաչում։ Նա ճանաչում էր իր ազգականներին, բարեկամներին, հարևաններին, համադասարանցիներին, համակուրսեցիներին և վերջ։ Իսկ նրանցից ոչ մեկն էլ Դիտորդ չէր։ Բայց մի՞թե դա Դիտորդի գործը չէ՝ գտնել Ուսանողին և նրան պատմել իրականությունը։ Միգուցե, բայց Դիտորդը դեռ չի ճանաչում Ուսանողին։ Երբ հեռվում կանգնած նայում ես գետի հորձանուտին, չես կարող նկատել այնտեղ լողացող բոլոր ձկներին։

Անցնում էին ամիսներ, սեմեստրներ, տարիներ․․․ Ուսանողը քիչ-քիչ ավելի ու ավելի էր խորանում հորձանուտի մեջ։ Քննություն քննության հետևից․․․ Նա ուղղակի հանձնում էր քննություններ, ստանում գնահատականներ և մոռանում ամեն ինչ, ինչ իրեն սովորեցնում էին նախորդ քննությունը ստանալու համար։ Դե բա եթե չմոռանաս, տեղ չի լինի նոր քննության համար անրհաժեշտ գիտելիքը տեղավորալու համար։

Հետո մի օր Ուսանողը աշխատանք գտավ։ Դե ինչպես է դա լինում․․․ Մի հազար տեղ ինքնակենսագրական ես ուղարկում, մեկնումեկը քո մեջ պոտենցյալ կտեսնի, կկանչի հարցազրույցի, մեկ էլ տեսար՝ կպավ։ Եվ այո՝ կպել էր։ Աշխատանքն էն սովորականներից էր։ Պետք էր գնալ-գալ գրասենյակ, նստել աթոռին, սեղմել ստեղներին ու շարժել մկնիկը։ Ախր այդ Ուսանողին չէին սովորեցրել, թե ինչպես է պետք աշխատել։ Նա դա ֆիլմերում էր տեսել, որ պետք է խելոք նստել աշխատանքի տեղում ու ինչ-որ խնդիրներ լուծել։

Դե խնդիրներն էլ հո ևս սովորական էին։ Պետք էր Ա քաղաքից գնալ Բ քաղաք, գտնել ձմերուկի զանգվածը և հաշվել, թե քանի ժամում կարող են երկու ծորակը միասին լցնել լողավազանը․․․․ Չէ, վայ․․․ Խառնեցի, դրանք ուրիշ խնդիրներ էին։ Բայց մի րոպե․․․ Իսկ այդ խնդիրները Ուսանողին ի՞նչ էին սովորեցրել։ Ինքը կյանքում չէր տեսել ո՛չ Ա քաղաքը, ոչ պետք էր եղել ձմերուկի զանգվածը հաշվել, ո՛չ էլ երբևէ տեսել էր լողավազան, որը երկու ծորակով կարելի էր լցնել․․․ Երևի ինչ-որ բան սխալ էր հիշում։ Դժվար թե անպետք խնդիրներ լուծած լիներ այդքան տարի։

Գիտե՞ք, թե ինչ եղավ հետո։ Մի օր Ուսանողը դարձավ Ծրագրավորող։ Կհարցնեք ինչպե՞ս դա պատահեց։ Ոչ ոք չգիտի․․․ Ուղղակի երկար աշխատեց, աշխատեց, տանջվեց, բողոքեց ու դարձավ։ Բայց նա դարձավ Թամբալ Ծրագրավորող։ Պետք է ընթերցողին հիշեցնենք, որ Ուսանողը թամբալ մարդ չէր։ Նա շատ լավ էր սովորում։ Բայց նա դարձավ Թամբալ Ծրագրավորող, որովհետև հասկացավ, որ այսքան տարվա իր սովորածը անիմաստ էր, անօգուտ էր և նա հոգնել էր։ Նա էլ չէր ցանկանում նոր բաներ սովորել, նոր բաներով լցնել գլուխը, նոր Ա և Բ քաղաքների հետ կապված "գիտելիք" ձեռք բերել, որն էլի երբեք պետք չէր գալու։

Բայց խնդիրն այստեղ էլի Թամբալ Ծրագրավորողի մեջ չէր։ Նա ամեն ինչ ճիշտ էր անում։ Խնդիրը նրանում էր, որ Դիտորդը չկար հորիզոնում։ Դիտորդն իր դիտորդական առաքելությունը մեկ այլ վայրում էր իրականացնում։ Իսկ գիտե՞ք, թե ինչքան շատ են այսպիսի Թամբալ Ծրագրավորողները, որոնք կորցրել են իրենց միջի կայծը և ուղղակի ապրում են օրն օրի հետևից՝ սպասելով Վերջին։

Վերջում երկնքից երեք խնձոր է ընկում։ Առաջինն այն Ուսանողին, ով չի սովորում քննություն հանձնելու համար, երկրորդն այն Ծրագրավորողին, ով իրոք գիտեր, թե ինչպես է պետք դառնալ Ծրագրավորող, իսկ երրորդն էլ այն Դիտորդին, ով ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ուղղորդում է Ուսանողին։


Հեղինակ՝ Վահրամ Մարտիրոսյան

Կարդալ ավելին

Այն մասին, թե ինչ դժվար է լինել ծրագրավորող այս անողոք աշխարհում։

Ամեն ինչ սկսվում է որոշումից՝ դառնալ ծրագրավորող։ Թե՞ ամեն ինչ ավարտվում է դրանով․ ծրագրավորող դառնալու որոշումը միարժեք ձևով կանխորոշում է մարդու ապագան և դրանով ամեն ինչ ավարտվում է՝ ընտրության հնարավորությունը, զարգացման այլ ուղին։

Այն մասին, թե ինչ դժվար է սովորելը, երբ դու չես ցանկանում սովորել, բայց ստիպված ես, քանի որ բոլորն այդպես են ուզում, իսկ դու ուզում էիր ուղղակի տանը նստել ու որ ոչ ոք քեզ չխանգարեր, բայց կյանքում այդպես չի լինում․․․