Ծրագրավորողի օրը

Ծը՜նգ, ծը՜նգ, ծը՜նգ, ծը՜նգ․․․

- Իսկ ինչո՞ւ ոչ ծուղրուղու։ Ինչո՞ւ պետք է ամեն օր ժամը յոթին արթնանամ այս նույն ծնգոցից-զնգոցից։ Ինչո՞ւ չեմ կարող արթնանալ աքաղաղների կանչի ձայնից։ Տեսնես գյուղերոմ շատ կա՞ն ծրագրավորողներ։ Չնայած․․․ Որտեղի՞ց լինեն։ Գյուղերում քանի՞ հատ ծրագրավորմամբ զբաղվող ընկերություն կա․․․ Տեսնես Եվրոպաներում է՞լ է էդպես։ Թե՞ Եվրոպական կովերին ոչ թե մարդիկ, այլ ծրագրային ապահովման կողմից ղեկավարվող խելացի սարքերն են կթում․․․

Առավոտը ծանր բան է։ Օրվա ամենածանր հատվածը։ Այս ծանրությունից հետո օրվա մեջ ինչ էլ պատահի՝ կլինի հաճելի մի բան։ Ախր հազար անգամ ինքս ինձ խոստանում եմ, որ գիշերը ժամանակին կպառկեմ քնելու։ Չինացիներն ասում են՝ քնել պետք է այսօր, ոչ թե վաղը։ Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ պառկեմ, երբ վիշապը դեռ ճախրում է երկնքում, երբ դավեր են նյութվում թագավորի դեմ, կամ էլ՝ երբ մարդասպանը դեռ ազատության մեջ է․․․ Էս բազմասերիանոց ֆիլմերի ձեռքը մարդ հանգիստ չունի։ Մի ժամանակ մամային ու տատիկին էի ձեռք առնում բրազիլիական ու մեքսիկական սերիալներ նայելու համար, իսկ հիմա ես ամբողջ երեկոներ նստած ամերիկյան սերիալներ եմ նայում։

Ոչինչ, այսօրվանից նոր կյանք կսկսեմ։ Այ հիմա դուրս կգամ վազելու․․․ Չէէէ, ինչ վազել, մի րոպե։ Ավելի լավ է առավոտյան նախավարժանք անեմ։ Դե նոր կյանք եմ սկսում, չէ՞։ Իսկ նախավարժանքն ինչպե՞ս են անում։ Լավ, այսօր չեմ անի։ Օրվա մեջ մի քանի տեսանյութ կնայեմ ու վաղվանից կսկսեմ։

Այ վաղվանից հաստատ նոր կյանք կսկսեմ։ Իսկ այսօր՝ ինչպես միշտ․ սուրճ ու երեկվանից մնացած քաղցրավենիքով կսկսեմ օրս։ Չէէէ, մի րոպե։ Բա սուրճս ո՞վ պիտի դնի։ Չէ, չանցավ։ Ավելի լավ է գնամ աշխատանքի, այնտեղ սուրճի ապարատ կա, ինքը կպատրաստի սուրճը։

Մեքենա, տաքսի, ավտոբուս, երթուղային, մետրո․․․ Դե մեքենա դեռ չունեմ․․ Սպասում եմ աշխատավարձիս բարձրացմանը, որ դիմեմ բանկ՝ ապառիկով մեքենա վերցնեմ։ Իսկ մինչ այդ՝ տաքսի՞։ Ախր տաքսին էլ ահագին թանկ է նստում։ Մետրո՞։ Բայց մեր թաղամասում մետրո դեռ չկա։ ԴԵՌ չկա։ Կլինի։ Չէ, երթուղային էլ չեմ նստի, ես հո ինքնասպան չե՞մ։ Ախր ամեն առավոտ այս նույն հարցերի վրայով անցնում եմ ու էլի պատասխան չկա․․․ Գոնե հեծանիվ քշելու ավանդույթներն ամրապնդվեին մեր քաղաքում ու երկրում։ Թե չէ հիմա հեծանիվով աշխատանքի գնալն էլ է համարժեք ինքնասպանության փորձին։ Ո՛չ հեծանիվի համար առանձնացված ուղիներ կան, ո՛չ շնորհքով մեքենայի վարորոդներ, ո՛չ նորմալ հեծանվային կայանատեղիներ։ Ոչինչ, բան չմնաց, հեսա մի քանի հետաքրքիր նախաձեռնություններ են սկսվում։ Այ էդ ժամանակ բոլորը կսկսեն հեծանիվով գնալ աշխատանքի ու պետություը ստիպված կլինի այդ խնդրին ավելի մեծ ուշադրություն դարձնել։

Իսկ մինչ այս, մինչ այն՝ ես հասա։ Փաստորեն այսօր էլ առանց փորձանքների հասա աշխատանքի։ Գոնե մարդ եկած լինի, մենակս չնստեմ խոհանոցում ու սուրճ խմեմ։ Չնայած՝ մենակ չեմ լինի, հաստատ հավաքարարները դեռ իրենց գործը վերջացրած չեն լինի։ Իրենք սիրում են ոտները կախ գցել, մինչև մերոնցից մարդ գա, հետը մի քիչ խոսեն։ Բայց դե արդյունքում ես ու իմ պեսներն ենք տուժում։ Գալիս ես աշխատանքի՝ հանգիստ մի բաժակ սուրճ խմելու, մեկ էլ՝ է՛լ աղբի տարհանում, է՛լ փոշեկուլի աղմուկ, է՛լ բաձրաձայն խոսակցություններ։ Առավոտն այդպիսին չպետք է լինի։ Պետք է մեր ղեկավարությանն ասեմ, որ այս հարցը կարգավորեն։

Սուրճ․․․ Առավոտի միակ սփոփանքը։ Էս սուրճը եթե չլիներ, ոչ ոք չէր արթնանա ու չէր աշխատի։ Փաստորեն սուրճն է տնտեսության զարգացման խթանիչը։ Հետաքրքիր միտք է։ Արժի այս թեմայով ուսումնասիրություն անել ու մի հատ լուրջ հոդված գրել ինչ-որ լուրջ տեղում։ Չէէէ, էս ի՞նչ եմ ասում։ Ես այդքան հավես չունեմ։ Ով ուզում է՝ թող գրի, ես ուղղակի կվայելեմ սուրճս։

Թիմը սկսում է հավաքվել․․․ Պետք է արդեն սրճախմությունն ավարտել ու անցնել աշխատանքի։ Կամ՝ հետս կվերցնեմ, կդնեմ կողքս ու դեռ մի քսան րոպե էլ կվայելեմ։ Դե պետք է նամակները կարդամ, Ֆեյսբուքը թերթեմ, նորությունները կարդամ, նոր հաղորդագրություններին պատասխանեմ, երեկվա լուրերը քննարկեմ կողքիս նստողների հետ։ Հաա, պետք է նաև աշխատել, բայց դեռ շատ շուտ է, մի քիչ հետո կսկսեմ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ութ աշխատանքային ժամվա ընթացքում ամենաարդյունավետ աշխատողներն աշխատում են ընդամենը վեց ժամ։ Ես հո ամենաարդյունավետներից ավելի արդյունավետ չե՞մ։

Չէ, էս թամբալությանը պետք է վերջ դնել։ Այսօրվանից նոր կյանք եմ սկսում, չէ՞։ Այսօր ոչ մի անգործություն ու գլուխ պահոցի չի լինելու։ Այսօր ես բոլոր ութ ժամերն էլ կպած կաշխատեմ ու բոլորից լավ արդյունք կունենամ։ Հետո, տարվա վերջում, աշխատավարձի վերանայում կլինի, ու մեքենայիս հարցը կլուծեմ։ Դեռ մի քիչ էլ ավել կպահանջեմ։ Ու ֆինանսական պարգևատրում էլ։ Դե լիքը նվերներ է պետք լինում գնել հարազատությանը․․․

Լավ, չշեղվենք։ Այսօր իմ նոր կյանքի առաջին և ամենաարդյունավետ օրն է լինելու։ Սկսենք գործնական նամակներից․․․ Չէէէ, էլի էս տղեն չի հասկացել, թե ինչ եմ ուզում իրենից։ Ախր ընդամենը պետք էր մի բան ստուգեր, գրեր արդյունքի մասին։ Ի՞նչ մեծ պատմություն սարքեց։ Երևի ուզում է իր ղեկավարությանը ցույց տալ, որ մեծ գործ է անում։ Բոլորին դրել է CC ցանկի մեջ, որ բոլորը տեսնեն։ Օֆ, չգիտեմ։ Ես էս մարդկանց հետ չեմ կարողանում աշխատել։ Իմ ամենաարդյունավետ օրը վատ սկսեցի։ Այս մարդուն նորմալ պատասխան գրելու համար ստիպված պետք է մի բաժակ էլ սուրճ խմեմ, հանգստանամ․․․

Թիմը հավաքվեց։ Առավոտյան արարողությունների ժամն է։ Հետաքրքիր բառ է՝ արարողություն։ Լավ են մտածել էս Scrum-ը հորինողները։ Գնանք ամենօրյա առավոտյան կանգնած հանդիպման։ Երկար չի տևում, առավելագույնը 15 րոպե։ Ըստ սահմանման։ Բայց մենք ըստ սահմանման չենք աշխատում, այլ՝ ըստ անհրաժեշտության ։ Հիմնականում մի կես ժամ տևում է։

Այսօր էլ բացառություն չէ։ Սկսվեց խնդիրների քննարկումը։ Փոխանակ կարճ ու կոնկրետ ասեն, թե ինչ են արել, ինչ են անելու ու նման բաներ, սկսում են իրենց կյանքը պատմել։ Հանդիպման կառավարիչն էլ թողնում է, որ քննարկումներն իրենց հունով գնան, քանի որ կարևորը ոչ թե ընթացակարգերն են, այլ արդյունքը։ Դե ինչ արած՝ նստենք լսենք, թե ով ինչ խնդիրներ ունի։ Նստենք․․․ Չնայած այն բանին, որ այս արարողությունը կանգնած պետք է անց կացվեր․․․

Ծրագրավորու՞մ։ Իսկ ես առավոտից ինչո՞վ էի զբաղված։ Իսկ ո՞րն է ծրագրավորումը։ Ինչի՞ց է այն սկսվում, և որտե՞ղ է ավարտվում։ Պետք է պարտադիր նստեմ համակարգչիս առջև, որպեսզի բոլորը տեսնեն, որ ծրագրավորմամբ եմ զբաղված, թե՞ կարող եմ քայլել ու մտածել։ Կամ՝ միգուցե արժի թիմի հետ մի հատ հավաքվել, էս հարցը բոլորով մտածել։ Մի գլուխը լավ է, իսկ երկուսը՝ մուտացիա․․․ Ոչինչ, թող մուտացիա լինի, բայց խնդրի լավագույն լուծումը գտնենք։ Բայց էլ ինչ քննարկում առանց մի բաժակ սուրճի։ Իսկ չարժի՞ քննարկումը հենց խոհանցում կազմակերպել։ Չէէէ, խոհանոցը չի կարելի խառնել աշխատանքի հետ։ Դա աշխատանքից փախնելու համար ստեղծված մեր անկյունն է։

Քննարկումներ, համոզմունքներ, կրքեր, ճիշտ ու սխալ լուծումներ, իրար վրա գոռգոռալ, սեփական համոզմունքների առաջխաղացում և պաշտպանում։ Այ սա՛ է իսկական կյանքը։ Թե՞ իսկական ծրագրավորումը։ Չգիտեմ, իմ համար դրանք շատ են միախառնված։ Ամեն դեպքում՝ խնդիրների լուծումների որոնման ընթացքում ինձ կենդանի էակ եմ զգում։ Սուրճն սկում է եռալ երակներիս մեջ։ Հասկանում եմ, որ սա հենց այն է, ինչի համար արժի ապրել և դիմանալ այս անողոք աշխարհի տանջանքներին։ Լավ է՜, էս ինչեր եմ ասում։ Ամեն ինչ հիասքանչ է, քանի որ եկել է ընդմիջման ժամը։

Շատ մարդիկ ապրում են ուտելու համար, իսկ ես ուտում եմ՝ ծրագրավորելու համար։ Լավ է, որ կարելի է արագ ու որակյալ սնունդ գտնել մոտակայքում։ Շատ ժամանակ չի գնում ընդմիջման վրա։ Բայց դե մենակ ուտելը չի։ Պետք է մի քիչ էլ քայլել։ Այսպես ասած՝ վառել կերածը։ Բայց ես դա այնքան էլ չեմ ընդունում։ Ես ուտում եմ, որպեսզի ծրագրավորեմ, ոչ թե քայլելով վառեմ այդ թանկարժեք էներգիան։ Բայց դե բոլորը գնում են զբոսնելու, ես էլ կգնամ։

Մոտենում է օրվա ամենածանր մասերից հաջորդը՝ անգլերեն շփման սեանսներ։ Պետք է մեր արտերկրի կոլեգաների հետ շփվենք։ Էդքան էլ ասում էին, դեռ դպրոցից սկսած, որ պետք է անգլերեն լավ սովորել։ Չէի լսում։ Հիմա՝ քաղում եմ իմ որոշումների արդյունքները։ Կես ժամ անգլերեն խոսալուց ավելի եմ հոգնում, քան թե ամբողջ օրը ծրագրավորելուց։ Ամեն մարդ իր սեփական անգլերենով է խոսում։ Էս ինչքա՞ն տարբեր ակցենտներ ու բարբառներ կան։ Ես այսքանը ո՞նց պետք է հասկանամ։ Ոչինչ, հիմա կսկսեմ ինտենսիվ անգլերեն պարապել ու մի ամսից բոլորին կհասկանամ։ Այսօր նոր կյանք եմ սկսում, չէ՞։ Այսօր, թե՞ վաղը։ Լավ, դեռ տեսնենք։

Ծրագրավորող լինելը լավ բան է։ Կարելի է լույսով տուն հասնել։ Իսկ տանն ի՞նչ ունենամ անելու՝ ճիշտ է ազատության մեջ սավառնող վիշապների հարցն է պետք լուծել, թագավորի դեմ հյուսվող դավերն է պետք հայտնաբերել և չեզոքացնել։ Իսկ մարդասպա՞նը։ Այո, նրան էլ է պետք բռնել և մեկուսացնել։ Մի րոպե, բայց ես այսօրվանից նոր կյանք էի սկսում, չէ՞։ Այդ նոր կյանքում էլ կա՞ն սերիալներ։ Չէ, իմ նոր կյանքում դրանց համար տեղ չի լինի։ Համ էլ՝ մենք պայմանավորվել էին, որ նոր կյանքը վաղն ենք սկսում, չէ՞։ Ես պետք է առավոտյան մարմնամարզության մասին նյութեր նայեի․․․ Բայց դա վաղը, իսկ այսօր՝ վիշապներ, թագավորներ ու մարդասպաններ։ Կարևորը, որ շատ ուշ չքնեմ։ Դե մի սեզոն կնայեմ ու կքնեմ․․․

Ծը՜նգ, ծը՜նգ, ծը՜նգ, ծը՜նգ․․․

Հեղինակ՝ Վահրամ Մարտիրոսյան

Կարդալ ավելին

Ամեն ինչ սկսվում է որոշումից՝ դառնալ ծրագրավորող։ Թե՞ ամեն ինչ ավարտվում է դրանով․ ծրագրավորող դառնալու որոշումը միարժեք ձևով կանխորոշում է մարդու ապագան և դրանով ամեն ինչ ավարտվում է՝ ընտրության հնարավորությունը, զարգացման այլ ուղին։

Այն մասին, թե ինչ դժվար է սովորելը, երբ դու չես ցանկանում սովորել, բայց ստիպված ես, քանի որ բոլորն այդպես են ուզում, իսկ դու ուզում էիր ուղղակի տանը նստել ու որ ոչ ոք քեզ չխանգարեր, բայց կյանքում այդպես չի լինում․․․

Լինում է, չի լինում՝ մի Ուսանող է լինում։