Ծրագրավորողի անձնական բրենդը

Անձնական բրենդն այն է, ինչ մարդիկ խոսում են քո մասին, երբ դու ներկա չես։ Իսկ դու գիտե՞ս, թե ինչ են խոսում մարդիկ, երբ դու ներկա չես։ Իսկ ի՞նչ կուզեիր, որ ասեին քո մասին։ Իսկ ի՞նչ ես դու անում, որպեսզի ազդես այդ գործընթացի վրա։ Ի՞նչ ես անում դու, որպեսզի քո անձնական բրենդը տեսանելի լինի։ Իսկ ի՞նչ արժեք ես դու ստեղծում․․․

Յուրաքանչյուր մարդ ունի իր բրենդը։ Երբեմն այն շատ անտեսանելի, թույլ արտահայտված է լինում։ Երբեմն էլ՝ շատ վառ։ Ամեն դեպքում, բրենդը կա։ Հատկապես վտանգավոր է դա գիտակցել այն պարագայում, երբ դու ոչինչ չես արել ո՛չ դրա կայացման, ո՛չ բովանդակության ձևավորման համար։ Իսկ ո՞վ է արել քո փոխարեն։

Երբ դու չես զբաղվում քո բրենդի կազմավորմամբ և առաջխաղացմամբ, ապա դա անում է ուրիշ մեկը։ Նա, ում պետք են քո հմտությունները, ունակությունները, գիտելիքները, հատկությունները, խարիզման։ Նա, ով քեզ վճարում է, քո բրենդն օգտագործելու համար։ Միշտ չէ, որ դա վատ բան է նշանակում։ Դու չէիր էլ օգտվում քո բրենդից։ Իսկ հիմա գոնե կարելի է անտեսանելի և անշոշափելի մատերիան նյութականացնել։

Դա այնքան էլ վատ չէ, բայց պետք է գիտակցել, թե ինչ կտար քո բրենդը քեզ, եթե դու ինքդ զբաղվեիր նրա ձևավորմամբ, առաջխաղացմամբ և ինքդ էլ օգտվեիր նրա տված բարիքներից։

Մենք բոլորս ճանաչում ենք շատ մարդկանց, ում անունն արդեն իսկ բավարար է պատկերացնելու համար հաջողության շողշողուն պսակը, լսելու համար հաջողության զանգերի ղողանջները․․․ Այդ մարդիկ տարիներ շարունակ գիտակցաբար աշխատել են իրենց բրենդի ձևավորման վրա։ Հիմնականում այդպիսի մարդ-բրենդ տեսակին կարելի է հանդիպել շոու-բիզնեսում, սպորտում, գեղեցկության ինդուստրիայում։ Դրանք մարդիկ են, ում սիրում են շատերը, ում հետևում են, ում կարծիքն անվերապահորեն ընդունում են ստվար զանգվածներ։

Իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ ծրագրավորողը։ Ինչո՞վ կարող է ծրագրավորողը մրցել հոլիվուդյան աստղի հետ։ Սա շատ սխալ հարցադրում է։ Անձնական բրենդը չի կարելի համեմատել ուրիշ ոչ մեկի բրենդի հետ։ Ամեն մարդու հաջողության և նվաճումների ճանապարհը եզակի է։ Եվ արդյունքն էլ ամեն մարդու մոտ տարբեր է լինում։

Այն փաստը, որ դու չես կարող համեմատվել Քիանու Րիվզի հետ, դեռ չի նշանակում, որ դու չպետք է զբաղվես քո բրենդի հստակեցմամբ և զարգացմամբ։ Հիշեցնեմ․ եթե դու դա չանես, ապա քո փոխարեն կանի ուրիշ մեկը և այդ ուրիշ մեկն էլ կքաղի բոլոր բարիքները։

Սկսելու համար կարելի է մտածել հետևյալ հարցի շուրջ՝ ես ի՞նչ եմ անում։ Միայն թե չասես, թե ծրագրավորում ես։ Կոնկրետացի՛ր։ Իսկ ավելի կոնկրետ՝ փորձի՛ր պատասխանել այն հարցին, թե դու ի՛նչն ես ամենից լավն անում։ Ինչո՞ւմ ես դու լավագույնը։ Ի՞նչն է քեզ ի ծնե տրված և հեշտ ստացվում։ Մեկի մոտ դա կլինի կատարյալ մաքուր ու որակյալ կոդ գրելը, մյուսի մոտ՝ մարդկանց հասկանալը, երրորդի մոտ՝ ալգորիթմական մտածողության հետ կապված խնդիրների լուծումը։ Մտածիր, թե ի՞նչ արժեք ես դու ստեղծում։ Գտի՛ր քո ուժեղ կողմը։ Ուժեղ կողմը պարտադիր չէ, որ լինի զուտ մասնագիտական հտությունների շրջանակներում (hard skills), դա կարող է լինել նաև soft skill։

Դրանից հետո փորձիր գտնել քո կոնկուրենտներին։ Մարդկանց, ովքեր անում են նմանատիպ բաներ և ում մոտ դա լավ է ստացվում։ Չգտա՞ր։ Մի հուսահատվիր։ Դա նշանակում է, որ կոնկուրենտների բրենդները ևս չեն աշխատում իրենց տերերի օգտին։ Իսկ եթե գտար, ապա պետք է վերլուծել նրանց։ Ովքե՞ր են նրանք, ի՞նչ գիտես դու իրենց մասին, ինչո՞ւ ես դու լսել իրենց մասին։ Ինչպե՞ս են նրանք անում այն, ինչից դու էլ ես լավ գլուխ հանում։ Ի՞նչ առանձնահատուկ մոտեցում ունենք նրանք։ Փորձիր հասկանալ, թե դու ինչն ես սխալ անում, որ քո մասին ոչ ոք չգիտի։

Ասեմ ավելին՝ իսկ դու ընդհանրապես ի՞նչ ես անում, որպեսզի քո մասին իմանան։ Կոդ ես գրում ինչ-որ ընկերության համա՞ր։ Լավ։ Իսկ ուրիշ ի՞նչ ես անում։ Ո՞վ գիտի, թե դու ինչ որակի կոդ ես գրում, ինչ ստանդարտների ես հետևում, իսկ սկզբունքներով ես առաջնորդվում համակարգը նախագծելիս։ Միայն քո թիմակիցները, չէ՞։ Իհարկե, դա շատ լավ է, բայց շատ քիչ է։ Չե՞ս կարծում, որ քո արածը, քո մոտեցումն այնքան կարևոր է, որ արժեր դրանցով կիսվել ավելի լայն զանգվածների հետ։ Միգուցե ինչ-որ մեկին դա հիմա շատ պետք է։

Կարծում ես, որ չունե՞ս բավարար հմտություններ քո գիտելիքով կիսվելու համար։ Իսկ ի՞նչ ֆորմատի մասին մտածեցիր, որը քեզ վախեցրեց, ստիպվեց ընկրկել։ Մի պահ գլխիցդ դեն ետիր այդ ֆորմատը, մտածիր այլ եղանակների մասին։ Մեր օրերում մի մարդուց մյուսին ինֆորմացիա փոխանցելու համար կան տասնյակ եղանակներ՝ մեկը մյուսից հարմար և արդյունավետ։ Փնտրիր քո՛ ֆորմատը։ Կա և՛ տեքստային, և՛ աուդիո, և՛ վիդեո, և՛ առերես, և՛ մեծ լսարանով, և՛ մի քանի հոգով և՛ դեմ առ դեմ շփման հնարավորություններ։

Եթե ոչ ոք չգիտի, քո մասին, ապա դու խոցելի ես։ Քեզ կարող են շահագործել, քեզ կարող են զրկել ինչ-որ առավելություններից։ Իսկ եթե դու այն մարդն ես, ով անում է այս և այս բաները, ապա դու ավելի ամուր դիրք ունես շատ փախհարաբերությունների ենթատեքստում։

Ստեղծի՛ր քո անձնական բրենդը։ Այնպես արա, որ մարդիկ քո մասին խոսեն հենց այն բառերով, որոնք դու ես նրանց թելադրել՝ առավել ևս, երբ դու ներկա չես այդ զրույցին։ Այնպես արա, որ ես իմանամ քո մասին․․․

Հեղինակ՝ Վահրամ Մարտիրոսյան