Կյանքն ուղու վրա
Ամեն ինչ սկսվում է մի զգացողությունից, որ ինչ-որ բան սխալ է։ Ինչ-որ բան այնպես չի աշխատում, ինչպես պետք է։ Ինչ-որ բան այնպիսին չէ, ինչպիսին մենք իրեն պատկերացնում կամ ընկալում ենք։ Դա հիմնականում պատահում է, երբ մարդու կյանքում ինչ-որ փոփոխություն է տեղի ունենում։ Դա կլինի մոտիկ մարդու կորուստ, կամ հիվանդության ախտորոշում, կամ երեխայի ծնունդ, կամ ճանապարհորդություն, ծանոթություն նոր մարդկանց հետ, ծաղկի բույր, համբույր, շան հաչոց․․․
Իսկ ի՞նչ էր կատարվում մինչև այդ պահը։ Արդյո՞ք մարդն ապրում էր։ Թե՞ դա սոսկ բնազդների վրա հիմնված գոյության մի գործընթաց էր, որը չարժի անվանել լիարժեք կյանք։ Ամեն մարդ իր պատկերացումն ունի այդ հարցի շուրջ։ Ի վերջո՝ բոլորը չէ, որ սկսում են մտածել, թե ինչ-որ բան սխալ է, և այդպես էլ ապրում են այդ ճիշտ աշխարհում և ճիշտ կյանքով։
Զգացողությունը, որ ինչ-որ բան սխալ է, մարդուն ստիպում է անհանգստանալ, մտահոգվել, պրպտել, որոնել, արթնանալ։ Արթնացումը ենթադրում է վիճակի փոփոխություն, անցում մի նոր վիճակի, նոր էներգետիկ մակարդակի։ Ո՞վ է սիրում արթնանալ․․․ Արթնացումը ցավոտ է, արթնացումը բերում է մի շարք հետևանքների՝ վեր կենալ, գնալ աշխատանքի, տանջվել․․․ Ոչ ոք չի սիրում արթնանալու պրոցեսը։ Ավելի լավ է քնած մնալ ու անրջել՝ գոյություն չունեցող իրերի աշխարհում։
Իսկ արթուն մարդը ստիպված է լինում բախվել անողոք, իրական աշխարհին։ Իրական աշխարհում չկան մեծ ու փոքր, բարի ու չար, բարձր ու ցածր։ Չկան համեղ ու լավ բուրացող, կամ անհամ և զզվելի բաներ։ Չկան գունավոր և դժգույն իրեր կամ մարդիկ։ Իրական աշխարհը մի ամբողջություն է, որտեղ դիտորդն էլ է կազմում այդ ամենի մասը։ Նա չի կարող իրեն տարբերալ ծառից, կատվին՝ կամրջից։ Իրական աշխարհում չկան սահմաններ, հատկություններ, առարկաներ։ Իրական աշխարհն անողոք է արթուն մարդու հանդեպ։
Իսկ ինչո՞ւ է պետք արթնանալ այդ անողոք աշխարհում։ Լավ չէ՞ր մնալ թմբիրի մեջ և վայելել գոյությունը կամ դրա պատրանքը։ Եթե լավ լիներ, ապա չէիր սկսի մտածել, ինչ-որ բան սխալ է։ Մարդկանց մեջ դրված է մի մեխանիզմ, որը ինչ-որ պատճառով կամ գործարկվում է և ստիպում պրպտել, կամ փչանում է թմբիրի յուղերի մեջ և այդպես էլ չի կատարում իր դերը՝ մարդուն մղել որոնումների։
Արթնացման առաջին պահերին մենք սկսում ենք որոնել։ Մեկս՝ ակնոցը, մեկս՝ հեռախոսը, մեկս՝ իր սիրելիին։ Մեկս էլ՝ արթնանալով, սկսում է որոնել իրեն՝ այդ իրական աշխարհում։ Իսկ ո՞վ է այն ես-ը, ով այս պահին հարցնում է, թե ով է այդ ես-ը։ Ես իմ մարմինն ե՞մ։ Իմ մտքե՞րն եմ։ Ես իմ հոգի՞ն եմ։ Միգուցե ես ամբողջ Տիեզերքն եմ։ Թե՞ ես ընդհանրապես գոյություն չունեմ այս աշխարհում, այլ սոսկ դիտորդ եմ, ով էկրանի այն կողմից հետևում է այս խաղին։ Կամ խաղում է այս խաղը։
Իսկ ի՞նչ կանոններ կան այս իրական աշխարհում։ Ի՞նչ կարող եմ անել, և ինչ չե՛մ կարող անել։ Իսկ ինչո՞ւ չեմ կարող անել։ Արգելված է, թե՞ անհնար է դա անել։ Իսկ ի՞նչ համ ունեն ծառերը։ Իսկ ի՞նչ գույնի են ամպերը։ Իսկ ինչի՞ց են կառուցված կատուները։
Որտե՞ղ է վերջանում իրական աշխարհը։ Ո՞ր իրերն ու երևույթներն են կազմում իրական, օբյեկտիվ, անողոք ու համառ այս աշխարհը, և որո՞նք են, որ գոյություն չունեն այստեղ։ Իսկ եթե գոյություն չունեն, ապա արժե՞ դրանց հետ հաշվի նստել։ Արժե՞ արդյոք էներգիա ծախսել բաների վրա, որոնք գոյություն չունեն։ Արժե՞ արդյոք էներգիա ծախսել գոյություն չունեցող երևույթների գոյությունը սնելու համար։ Որպեսզի թմբիրի մեջ մնացած մարդիկ շարունակեն վայելել իրենց անուրջնե՞րը։ Իմ կյանքի իմաստն է սնել այլոց անուրջնե՞րը։ Չեմ կարծում։ Անուրջներով թող զբաղվի անուրջների դեպարտամենտը։ Իսկ ես գնամ որոնելու իրականի եզրը։
Երբ հայտնվում ես քո Ուղու վրա, զգում ես մի տեսակ թեթևացած։ Կարծես, թե մի մեծ աշխարհի գոյությունը սնելու պարտավորությունից ես ազատվում։ Հնչում է եսասիրորեն, բայց եկեք վերլուծենք ավելի մանրամասն։ Ես, ազատվելով թմբիրի գերությունից, կարող եմ օգնել այլոց՝ ազատվել, կամ ավելի թեթև կրել այդ գոյություն չունեցող աշխարհի բեռը։ Ես կարող եմ լուսավորել ի Ուղին և իմ Ուղով լուսավորել այլոց Ուղիները։ Բայց կարող եմ նաև ոչ մի այդպիսի բան չանել։ Գնալ, մեկուսանալ լեռներում ու քարանձավներում և վայելել իրական աշխարհի անողոքությունը։
Կյանքն Ուղու վրա անտանելի բարդ է։ Թեթևությունը միակ զգացումը չի, որը տրվում է Ուղու վրա գտնվող մարդուն։ Ուղին շատ նեղ է, և սոթլիկ, և ծակծկում է, և լի է անթիվ անհամար ոլորաններով և խոչընդոտներով։ Մեծ է Ուղուց շեղվելու, այն կորցնելու և այլևս չգտնելու հավանականությունը։ Եվ շատ մարդիկ հենց այդ բախտին են արժանանում։ Կյանքն Ուղու վրա պայքարի կյանք է։ Պետք է գտնել ճիշտ զենքեր և պատրաստվել մարտի։ Ու ոչ ոք չի օգնելու քեզ։ Ո՛չ Արտատեր Պառավը կասի զենքի տեղը, ո՛չ էլ քո զենքը կլինի Թուր Կեծակին։ Ավելի հավանական է, որ զինված կլինես քարերով և կարտոֆիլներով։ Ու ոչ էլ Քուռկիկ Ջալալին կլինի քո ձին։ Ոչ ձի կունենաս, ոչ էլ կոշիկ, որպեսզի ավելի լավ զգաս իրական աշխարհով անցնող քո Ուղու սուր-սուր քարերը։
Դեռ ցանկանո՞ւմ ես գտնել քո Ուղին։ Այո, իհարկե։ Այդ ամենն ի՞նչ կապ ունի այն փաստի հետ, որ ես գիտեմ, որ ինչ-որ բան սխալ է իմ կյանքում և ես պետք է գտնեմ, թե ինչն է դա և որն է ճիշտը։
Կյանքն Ուղու վրա ենթադրում է ամեն օր մաքրել հոգին, միտքը, մարմինը, զենքը, ձին, շրջապատը և ողջ աշխարհը։ Եվ այդ մաքրության մեջ տեսնել իրականության գեղեցկությունը, նրա բազմաշերտությունը։ Կեղտոտված ապակիներով ակնոցը չի կարող ցույց տալ Ուղին։ Ակնոցն էլ է պետք մաքրել։ Իսկ ինչո՞վ կարելի է մաքրել այդ ողջ աշխարհը։ Ուլտրաձայնային լվացարանո՞վ։ Սպիտակեցնող հեղուկո՞վ։ Ատամի խոզանակո՞վ։ Ոչ։ Աշխարհը կարելի է մաքրել արթուն մտքով և հոգով։
Կյանքն Ուղու վրա ծանր է և թեթև, բարդ է, բայց միակը, անհնար է, բայց ոչինչ չի կարող խանգարել այն անցնել։ Կարևոր է հասկանալ, որ Ուղին ոչ մի տեղ չի տանում։ Մարդն էլ ոչ մի տեղ չի գնում՝ ապրելով Ուղու վրա։ Ապրել Ուղու վրա չի նշանակում գնալ դեպի վերջնակետը։ Ուղու վրա ապրելու իմաստն այն է, որ պետք է գտնել, մաքրել և լուսավորել Ուղին։ Մնալ այդտեղ, չշեղվել, չկորցնել Ուղին։
Բարի արթնացում բոլորիս։
Հեղինակ՝ Վահրամ Մարտիրոսյան