Մեծապատիվ Ծրագրավորողներ





Photo by Dmytro Tolokonov on Unsplash

Հարգելի մեծապատիվ ավագ և փորձառու ծրագրավորողներ։

Հիշում ե՞ք, թե ինչպես եք ձեռք բերել այդ փորձն ու պաշտոնը։ Եկեք մի փոքրիկ ճամփորդություն կատարենք դեպի ձեր պատմության խորքը։

Պատմությունն էլ մի պատմություն լիներ․․․ Պատմությունը Մովսես Խորենացունն է, իսկ ձերը, իմն էլ ձերի հետ, սկսվում է ամենահինը 20 տարի առաջ։ Դա հեռավոր 2000 թվականն էր։ Ոմանց դեպքում դա ոչ շատ հեռավոր 2010 թվականն էր, չէ՞։ Ամեն ինչ սկսվում է ինչ-որ դրդումից՝ լինի դա ներքին, թե արտաքին։ Դուք որոշեցիք դառնալ ծրագրավորող։

Գալներդ բարի։ Սկսեցիք հին ձևերով՝ ընդունվեցիք ԲՈՒՀ։ Ամենալավ ԲՈՒՀը, որտեղ մրցակցությունն ամենամեծն է։ Ստացաք ամենալավ գնահատականները։ Ինչպե՞ս։ Հավանական է, որ ինչ-որ կրկնուսույցի մոտ պարապելու արդյունքում։ Լավ, թող չլինի կրկնուսույց, թող լինի դպրոցի լավ ուսուցիչ։ Կարևոր չէ։ Կարևորն այն է, որ ինչ-որ մեկը տվեց նախնական գիտելիքի այն անհրաժեշտ պաշարը, որպեսզի հաղթահարեք ԲՈՒՀի վիշապին։

Գիտեմ, հիմա ինչ-որ մեկը տեղում չի կարող հանգիստ նստել, քանի որ նա ոչ մի ԲՈՒՀում էլ չի սովորել, բայց դարձել է աշխարհի ամենալավ ծրագրավորողը։ Մի անհանգստացեք, հեսա ձեզ էլ կանդրադառնանք․․․

Ի՞նչ է տեղի ունենում ԲՈՒՀում։ Ակնհայտորեն՝ այնտեղ պետք է սովորել։ Օր օրի հետևից լսարան են մտնում տարբեր դասախոսներ և ձեզ համար բացահայտում այս կամ այն գիտության գաղտնիքները։ Հաճախ մենք դա չենք նկատում, բայց լավ դասախոսները տալիս են շատ ավելին, քան թե գրված է գրքերում։ Նրանք մեզ հետ իրենց փորձով են կիսվում։ Նույնիսկ եթե ոչ փորձով, ապա գոնե մեզ պատմում են այն, ինչ գրված է գրքում։ Իսկ գիրքը որտեղի՞ց է հայտնվել։ Գիրքն էլ իրենից ներկայացնում է հեղինակի գիտելիքի և փորձի մի հանրագումար։ Պարզապես գրքին չի լինում հարց տալ։

Ամեն դեպքում՝ ուսումնառության ընթացքում դուք, ես էլ ձեզ հետ, ստանում էինք տարբեր մարդկանց գիտելիքի և փորձի սեղմված, պարզեցված և մեզ հարմարեցված բաժիններ։

Բայց մեր կրթությունը լսարաններով չէր ավարտվում։ Չգիտեմ, թե դուք ինչպես, բայց ես սովորում էի նաև մեր ավագ ընկերներից՝ դասամիջոցների ընթացքում կամ դասերից հետո ԲՈՒՀի բակում հավաքված զրուցելու ընթացքում։ Նրանք, ովքեր արդեն աշխատում էին ինչ-որ տեղերում, մեզ պատմում էին իրենց գլխով անցած դեպքերի և խնդիրների մասին։ Մենք էլ սովորում էինք․․․ Դուք էլ, չէ՞։

Հետո՝ աշխատավայր։ Ես և դուք էլ ինձ պես, հանդիսանում էինք ամենաանփորձն ու դեղնակտուցը։ Իսկ ի՞նչ են անում դեղնակտուցների հետ։ Այո, սովորեցնում են։ Մեր ժամանակներում դա կարող է ֆորմալ ոչ մի անուն չունենար, բայց բովանդակային առումով դրանք կամ ինտերնշիփեր, կամ մենթորշիփեր էին, կամ մեկ այլ "շիփ"-եր էին։ Բովանդակությունն այն էր, որ ավագ կոլեգաներից մեկը կամ մի քանիսը իրենց գործերից կտրվում ու մեզ ինչ-որ բաներ էին բացատրում։ Երբեմն ամենապարզ բաներ, երբեմն էլ՝ լուրջ գաղտնիքներ էին բացահայտում։

Ի՞նչ էր տեղի ունենում։ Այո՝ կրկին անգամ տեղի էր ունենում նույն բանը՝ ինչ-որ մարդիկ մեզ հետ կիսվում էին իրենց փորձով և գիտելիքներով։ Մարդիկ տարիներ շարունակ աշխատել էին այդ ընկերությունում, այդ պրոդուկտի վրա և կուտակել էին փորձ, որը տալիս էին մեզ՝ մեր գեղեցիկ աչքերի համա՞ր։ Ոչ, դա պարտադրում է աշխատաքային էթիկան։ Շատ մարդկանց դա, միգուցե, այնքան էլ հաճելի չէր, բայց ասում էին՝ "որ հարցեր ունենաս՝ ասա"։ Ու մենք, դուք էլ ինձ հետ միասին, տանջում էինք այդ փորձով ծրագրավորողներին, որ իմանանք ամեն ինչ։

Անդրադառնալով նրանց, ովքեր ոչ մի ԲՈՒՀ էլ չեն գնացել, ու ոչ մի գիրք էլ չեն կարդացել ու նույնսիկ ոչ մի հնդիկի թութորիալ տեսանյութեր էլ չեն նայել․․․ Եկեք խորանանք, տեսնենք, թե դուք որտեղի՞ց եք սովորել ծրագրավորում։ Վերցնենք ամենաինքնուրույնին, ով թվածս եղանակներից ոչ մեկից չի օգտվել, այլ փոխարենը ուղղակի բզբզալով սովորել է ծրագրավորան ինչ-որ լեզու և դարձել է մասնագետ։ Պետք է ձեզ հիասթափեցնեմ․․․ Դուք էլ ինքնուրույն չեք դարձել։ Դուք սովորել եք լեզու։ Իսկ լեզուն իր մեջ արդեն իսկ պարունակում է տարիների և նույնիսկ մի քանի սերունդների կուտակած գիտելիք և փորձ՝ խտացված լեզվական կոնստրուկցիաներում և տիպերում, գրադարաններում և կոմպիլյատորներում։ Եվ, ուսումնասիրելով լեզուն, դուք փաստացի, սովորում եք այդ ողջ իմաստությունը։

Բոլոր տարբերակներում իրավիճակը համանման է․ մենք, և դուք էլ ինձ հետ, դարձել ենք ծրագրավորող, շնորհիվ մինչև մեզ եղած ավագ մասնագետների բարի կամքի՝ մեզ փոխանցել իրենց գիտելիքը։ Այլ եղանակ կա՞։

Եվ ի՞նչ եք դուք անում հիմա։ Ինչ-որ տեղ աշխատում եք, լավ բան եք անում ինչ-որ օգտագործողների համար, ինչ-որ համակարգ եք գրում ինչ-որ բիզնեսի համար։ Դա շատ լավ է։ Իսկ ի՞նչ եք դուք անում ոլորտի և ապագա ծրագրավորողների համար։ Ինչպե՞ս եք դուք պլանավորում մարել այդ պարտքը հասարակության առջև։ Սերունդների համերաշխություն և նման բաներ լսե՞լ եք։ Պետք է նախորդ սերնդից ստացածը փոխանցել հաջորդին, որպեսզի հավասարակշռությունը և արդարությունը պահպանվի։

Հարգելի մեծապատիվ ավագ ծրագրավորողներ։ Դուք մասնակցո՞ւմ եք ինտերնշիփերի, դասավանդո՞ւմ եք երիտասարդ սերնդին։ Որևէ սկսնակ ծրագրավորողի ուղղորդո՞ւմ եք։ Մենթորշիփով զբաղվո՞ւմ եք։ Հանդիսանո՞ւմ եք որևէ ուղղության մեջ նորությունների տարածող։ Որևէ կերպ կիսվո՞ւմ եք ձեր ձեռք բերած փորձով։

Ամենաթանկ բանը, որն ունի ավագ ծրագրավորողը հենց փորձն է, որը նա կարող է փոխանցել սկսնակ ծրագրավորողին։ Եվ ավագ ծրագրավորողի լավ կամ վատը լինելը որոշվում է մեծամասամբ հենց այդ թանկարժեք ունեցվածքով կիսվելու պատրաստակամությամբ։ Կիսվեք, քանի որ եթե ոչ ոք չկիսվեր, ապա դուք հիմա ծրագրավորող դարձած չէիք լինի։

Հեղինակ՝ Վահրամ Մարտիրոսյան

Կարդալ ավելին

Լինում է, չի լինում՝ մի Ուսանող է լինում։

Այն մասին, թե ինչ դժվար է լինել ծրագրավորող այս անողոք աշխարհում։

Ամեն ինչ սկսվում է որոշումից՝ դառնալ ծրագրավորող։ Թե՞ ամեն ինչ ավարտվում է դրանով․ ծրագրավորող դառնալու որոշումը միարժեք ձևով կանխորոշում է մարդու ապագան և դրանով ամեն ինչ ավարտվում է՝ ընտրության հնարավորությունը, զարգացման այլ ուղին։