Առաջնորդ ծնվում են, ոչ թե դառնում

Իրականում՝ յուրաքանչյուրիս մեջ ապրում է փոքրիկ առաջնորդը։ Նա ծնվում է մեզ հետ մեծանում մեզ հետ, հետո, կախված մեր կյանքում տեղի ունեցող գործընթացներից, կամ մեզ հետ զարգանում է, կամ՝ թաքնվում մեր գիտակցության/էության հեռու անկյուններում։

Մեր մեջ թաքնված կամ քնած առաջնորդին կարելի է արթնացնել և օգնել, որպեսզի նա դուրս արտաքին աշխարհ և իր տեղը զբաղեցնի հարաբերությունների մեր բարդ սարդոստայնում։

Կան բազմաթիվ առաջնորդների դպրոցներ, անհատական մարզումներ, անձնային աճի մարզիչներ, զարթուցիչներ, «սթափեցուցիչներ» և այլ միջոցներ։ Որի՞ն դիմել, ո՞ր ուղով գնալ, որպեսզի առաջնորդին ճիշտ կերպով հղկենք։

Իրականում պետք է հասկանալ, որ առաջնորդ դառնալու համար, առաջին հերթին, պետք է ունենալ մարդկային որոշ հատկություններ, նախնական որոշ հմտություններ, դիմացինին հասկանալու կարողության գոնե սաղմնային մակարդակ։ Կարելի է քրտնաջան աշխատանքի շնորհիվ այդ ամենը զարգացնել, հղկել, կոփել, բայց գրեթե անհնար կլինի ստեղծել։ Համաձայն եմ, որ սկզբից մենք պայմանավորվեցինք, որ յուրաքանչյուրիս մեջ կա առաջնորդ, բայց ամեն մեկի միջի առաջնորդը չէ, որ ունի բոլո՛ր անհրաժեշտ հատկությունները։

Ամեն մարդու առաջնորդ դառնալու ուղին և մեթոդները տարբեր են։ Ամեն ոք ինքն է որոշում, թե ինչ անել, ինչպես զարգացնել առաջնորդի հմտությունները։

Իսկ ինչո՞վ է առաջնորդը տարբերվում շարքային մարդուց։ Առաջին հերթին՝ փորձով։ Առաջնորդն այն մարդն է, ով արդեն հասցրել է լինել ամեն տեսակ իրավիճակներում, երբեմն ձախողվել է, երբեմն էլ կարողացել է դուրս գալու եղանակ գտնել։ Առաջնորդը չի վախենում ևս մեկ անգամ թաթախվել այդ իրավիճակների մեջ և իր հետևից տանել այլ մարդկանց։ Առաջնորդը, այդ ամենը տեսած լինելով, հասկանում է իր կողքինների մտքերն ու հույզերը, և կարողանում է ճիշտ բառեր գտնել իր կողքիններին գոտեպնդելու, խրախուսելու, հրահրելու և միասին տարատեսակ բարդ իրավիճակներից ելք գտնելու համար։

Իսկ ի՞նչ հատկություններ պետք է ունենա մարդը, ով օգնում է ապագա առաջնորդին կայանալ, առաջ գնալ, չվախենալ բարդություններից։ Առաջին հերթին հենց ինքը պետք է լինի փորձառու առաջնորդ, ով տարիներ շարունակ իր մաշկի վրա զգացել է տարբեր իրավիճակների ազդեցությունը՝ պատասխանատվություն կրելով մի խումբ մարդկանց ապագայի և զարգացման համար։

Եվ այստեղ առաջանում է հարց՝ իսկ այս ամենն ի՞նչ կապ ունի ծրագրավորողի հետ։ Ինչպես ասել է մի մեծ զորավար՝ վատն է այն զինվորն, ով չի երազում դառնալ գեներալ։ Վատն է այն ծրագրավորողը, ով չի ցանկանում դառնալ ծրագրավորողների թիմի ղեկաավար, կամ ճարտարապետ, կամ առաջատար ծրագրավորող, կամ զբաղեցնել մեկ այլ պատասխանատու պաշտոն, որը ենթադրում է հավելյալ պատասխանատվություն և ունակություններ։

Վատն է այն սկսնակ ծրագրավորողը, ով պլանավորում է հինգ տարի անց դեռ լինել ընդամենը շարքային ծրագրավորող։ Սկսնակ լավ ծրագրավորողն այսօր պետք է մտածի, թե ու՛մ մոտ և ինչպե՛ս պետք է աճի, որպեսզի հինգ տարի հետո ինքը լինի առաջնորդ։ Եվ հենց այդ պլանի իրականացմանը պետք է ուղղի իր ջանքերը։

Թույլ մի՛ տվեք, որ, միջավայրի ազդեցությամբ, ձեր միջի առաջնորդն այդպես էլ քնած մնա։

Հեղինակ՝ Վահրամ Մարտիրոսյան