Ապագա ծրագրավորողի ապագան

Ամեն ինչ սկսվում է որոշումից՝ դառնալ ծրագրավորող։ Թե՞ ամեն ինչ ավարտվում է դրանով․ ծրագրավորող դառնալու որոշումը միարժեք ձևով կանխորոշում է մարդու ապագան և դրանով ամեն ինչ ավարտվում է՝ ընտրության հնարավորությունը, զարգացման այլ ուղին։

Իհարկե ոչ։ Ծրագրավորող դառնալու որոշումն ընդամենը մեկն է՝ մարդու կյանքում կայացվող հարյուրավոր որոշումների մեջ։ Բայց ավելի հետաքրքիր է, թե ինչու է մարդ գալիս այդ որոշմանը։ Հաճախ մարդկանց ծանոթների թվում լինում են ծրագրավորողներ, և դա էլ հենց հանդիսանում է այդ որոշման ամենալուրջ նախադրյալներից մեկը։

Մարդիկ որոշում են դառնալ ծրագրավորող, քանի որ՝

- Ծրագրավորողները շատ գումար են վաստակում

- Ծրագրավորումը շատ պահանջված մասնագիտություն է

- Ծրագրավորողները մի քանի մեքենա ու լավ տներ են ունենում

- Ծրագրավորողը հեշտությամբ կարող է աշխատանք գտնել արտերկրում

- ՏՏ ընկերություններում միջավայրը լրիվ այլ է, լավն է

- ՏՏ ընկերությունները ապահովագրում են աշխատողներին՝ ընտանիքներով հանդերձ

- ՏՏ ընկերություններն իրենց աշխատողներին տարեկան մի քանի անգամ տանում են քաղաքից դուրս հանգստանալու

- Ծրագրավորողները ամեն տարի գոնե մի անգամ գնում են ծովափ՝ հանգստանալու

Եվ այլն ․․․

Արդյո՞ք սրանք ճիշտ մոտիվացիաներ են մասնագիտության ընտրության հարցում։ Բա ու՞ր մնացին հենց աշխատանքի բնույթի և ընթացքի հետ կապված մտքերը։ Գուցե այդ աշխատանքը վնասակար է առողջության համար։ Գուցե ծրագրավորողները կարճ ժամանակ անց դառնում են անգործունյա։ Գուցե ծրագրավորողներին ոչ ոք չի սիրում, հատկապես իրենց ոչ ծրագրավորող կոլեգաները։

Բայց դա էլ դեռ ամենը չէ։ Իսկ ո՞ւր մնաց սրտի կանչը, հոգու ձայնին հետևելը։ Արդյո՞ք մարդ պետք է թողնի դպրոցում իր ունեցած նախասիրությունները (կերպարվեստ, բանաստեղծություններ, դարբնություն, և այլն) և պարտադիր դառնա ծրագրավորող՝ վերոհիշյալ առավելությունների պատճառով։

Իսկ հիմա անցնենք խնդրի մյուս կողմին։ Եթե ես լինեի ՏՏ ընկերության տնօրեն, ապա արդյո՞ք ես կցանկանայի, որ իմ ընկերությունում աշխատեն ծրագրավորողներ, որոնց դրդապատճառները սահամանափակվում են վերը բերված ցանկով․․․ Իսկ եթե դուք լինեիք իմ տեղում, կցանկանայի՞ք։

Բա ու՞ր մնաց մասնագիտությունը սիրելը։ Մարդ չպե՞տք է անի այն, ինչը սիրելով է անում։ Ո՞ւմ է պետք ամբողջ օրը իր աշխատանքից բողոքող, մեջքի ցավի մասին բոլորին ամբողջ օրը պատմող, աշխատանքից հնարավորինս շատ խուսափող «մասնագետը»։

Չմոռանանք, որ լինել ծրագրավորող նշանակում է նաև անընդհատ աճել, հաճախ՝ ստիպված։ Տեղում կանգնած ծրագրավորողը կես տարի անց կորցնում է իր արժեքը։ Իսկ եթե մարդ չի սիրում իր գործը, կցանկանա՞ արդյոք ծախսել իր թանկարժեք ժամանակը մասնագիտական աճի վրա։ Մարդ, ով չի տեսել ծրագրավորման գեղեցկությունը, չի կարող սիրելով զբաղվել դրանով։ Մարդ, ով միայն տեսել է, թե ինչքան բարդ, խճճված ու սահմանափակումների է ենթարկված Ջավասկրիպտով գրված համակարգը, որի վրա ինքը ստիպված աշխատում է, չի կարող սիրել ծրագրավորումը։

Ծրագրավորումը սիրելու համար պետք է տեսնել նրա գեղեցիկ կողմերը։ Պետք է տեսնել բարդ համակարգերի ճարտարապետական լուծումների նրբությունը, համակարգերի բաշխված և զուգահեռ աշխատելու պատրաստ լինելը, և դրա մեկտեղումը արդյունավետ աշխատելու հետ։

Իսկ որտե՞ղ պետք է ապագա ծրագրավորողը տեսնի այդ ամենը։ Ո՞վ պետք է լինի այն ուղեկցորդը, ով կտանի ապագա մասնագետին այդ նոր և անծանոթ միջավայրը։ Սրանք են ամենակարևոր հարցերը։ Շատ ծրագրավորողներ, առաջնորդվելով վերոհիշյալ ցուցակում առկա շարժառիթներով, որոշում են մի տեղ մի բան սովորել, արագ դառնալ ծրագրավորող։ Եվ փաստն այն է, որ այս եղանակը շատ էլ լավ աշխատում է։ Արդյունքում ստանում ենք ծրագրավորող, ով զրկված լինելով լուրջ կրթություն ստանալու հնարավորությունից, ունի շատ նեղ մասնագիտացում, ինչը հետագայում խանգարելու է մասնագիտական աճում։

Այսպիսով, ծրագրավորող արժի դառնալ ոչ թե կողքիններին նայելով, այլ սրտի ձայնը լսելով։ Ծրագրավորմամբ արժի զբաղվել ոչ թե հանուն գումարի և մնացած բարիքների, այլ քանի որ սիրում եք այդ գործը։ Իսկ ծրագրավորող դառնալուց էլ՝ արժի լուրջ կրթություն ստանալ, լուրջ մասնագետների հետ շփվել, որպեսզի տեսնեք դրա իրական գեղեցկությունը։