Ֆունդամենտալ Կրթությունը և Ծրագրավորողը

Հաճախ լսում ենք, որ ԲՈՒՀ-երում մատուցվում է հնացած, ոչ ակտուալ գիտելիք, որը, միգուցե, նախկինում պետք է եղել ծրագրավորողներին, քանի որ չեն եղել ծրագրավորման ժամանակակից լեզուներն ու տեխնոլոգիաները։ Շատերը համոզված են, որ տարատեսակ ասեմբլերներն ու կոմպիլյատորները ոչ մեկին պետք չեն։ Որ այդ գիտելիքը 70-ական թվականներից մնացած ժառանգություն է ու պետք է օր առաջ ազատվել դրանից և մոդեռնիզացնել ԲՈՒՀ-երի ուսումնական ծրագրերը։

Իսկ ես այդպես չեմ կարծում։ Եվ պատրաստվում եմ ձեզ էլ բերել այն համոզմունքին, որ հենց այդ "հնացած" գիտելիքն է, որ տալիս է լուրջ մասնագետ դառնալու հիմունքներ։ Դե ի՞նչ, սկսենք։

Որպես աշխատանքային օրինակ կդիտարկենք Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող ԲՈՒՀ-երի ծրագրերը, քանի որ վերը նշված բողոքները ես հիմնականում լսել եմ հենց մեր հայրենական ԲՈՒՀ-երի ուսանողներից։ Հայաստանում ՏՏ ոլորտը սկսել է ձևավորվել և զարգանալ դեռևս 1950-ական թվականներին։ Լուրջ թափ է հավաքել 1960-ականներին, երբ սկսել են մշակվել կիսաաղորդիչների վրա հիմնված "Հրազդան" համակարգիչները։ 1971 թվականին հիմնադրվել է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, որն էլ հիմք է դրել մեր երկրի ՏՏ ոլորտում ֆունդամենտալ կրթությանը։ Ֆակուլտետի կայացման ակունքներում կանգնած է եղել ֆիզ․-մաթ․ գիտությունների դոկտոր Սերգեյ Մերգելյանը, ով նաև դարձել է թվային անալիզի ամբիոնի առաջին վարիչը։ Ասել է, թե ՏՏ ոլորտի կրթության ակունքներում կանգնած են եղել այն ժամանակվա խոշորագույն մաթեմատիկոսներ։

Հարկ եմ համարում նաև ընդգծել, որ ժամանակակից տեխնոլոգիական ոլորտն իրականում կառուցված է 1970-ական թվականներին դրված հիմքերի վրա և գրեթե ոչ մի էական փոփոխության չի ենթարկվել։ x86 պրոցեսորների ճարտարապետությունը, օպերացիոն համակարգերի հիմնական գաղափարները, POSIX ստանդարտը, որի հետ համատեղելի են գրեթե բոլոր օպերացիոն համակարգերը, համակարգչային ցանցերն ու վեբ-տեխնոլոգիաները, տվյալների պահպանման համակարգերը, ծրագրավորման բազմաթիվ պարադիգմաներ, ֆունկցիոնալ և տրամաբանական ծրագրավորումը, մեքենայական ուսուցման մեթոդները, գրեթե բոլոր լեզուների նախահայր հանդիսացող C լեզուն և էլի շատ բաներ հիմնադրվել են 1970-80-ական թվականներին։ Ժամանակակից տեխնոլոգիաներում հեշտությամբ կարելի է տեսնել 40-50 տարվա հնություն ունեցող կոնցեպտներ և նույնիսկ ամբողջական իրականացումներ։

Պետք է հիմնվենք այն մտքի վրա, որ 1960-1970-ական թվականներին մշակված ուսումնական պլանը նախատեսված էր այնպիսի մասնագետներ պատրաստելու համար, որոնք կկարողանային մասնակցել "Արագած", "Հրազդան", հետո նաև "Նաիրի" համակարգիչների մշակմանը և դրանց ծրագրավորմանը։ Իսկ դա նշանակում էր կարողանալ նախագծել և արտադրել կենտրոնական պրոցեսոր, հիշասարքեր և մնացած բոլոր սարքերը։ Ինչպես նաև ծրագրավորել այդ համակարգիչները՝ հիմնականում մեքենայական և/կամ ասեմբլերային լեզուներով։ Եվ պետք է ընդունենք, որ մինչև 1990 թվականը կրթական համակարգը շատ լավ էր կատարում իր դերը։

Իսկ ի՞նչ ենք տեսնում մենք այսօր։ Հայկական ԲՈՒՀ-երի տված գիտելիքը չի բավարարում նույնիսկ ամենասովորական ՏՏ ընկերությունում աշխատանք գտնելու համար։ Ուսանողների մեծ մասը ստիպված է լինում ԲՈՒՀ-ի դասերին զուգահեռ սովորել ինչ-որ ուսումնական կենտրոններում կամ մասնակցել ՏՏ ընկերությունների կողմից կազմակերպվող պրակտիկաներին և ինտերնշիփերին, որպեսզի մեծանա աշխատանք գտնելու հավանականությունը։

Այդ ի՞նչ պատահեց վերջին 30 տարիների ընթացքում։ Ո՞ւր կորավ այն գիտելիքը, ի՞նչ պատահեց սկզբնական մտահղացման և տեսլականի հետ։ Ինչո՞ւ մենք այլևս չենք պատրաստում մասնագետների, ովքեր կկարողանան նախագծել և արտադրել պրոցեսորներ և ամբողջական հաշվիչ մեքենաներ։

Պատահեց այն, որ ֆունդամենտալ կրթության նշանակությունը քիչ-քիչ պակասեց։ Պատահեց այն, որ "համակարգային ծրագրավորող" բառակապակցությունն այժմ համարվում է ինչ-որ հնացած ու անպետք մի բան, քանի որ այդ գիտելիքով հիմա Հայաստանում աշխատանք չես գտնի։ Պատահեց այն, որ դասախոսները, չտեսնելով գոնե մինիմալ հետաքրքրության առկայությունն ուսանողների մոտ, դադարեցին ուսանողներին փոխանցել իրենց գիտելիքը։ Արդյունքում այդ թանկարժեք գիտելիքը ծվեն-ծվեն եղավ և այս պահին գրեթե կանգնած է անհետացման եզրին։

Գիտելիքի ամենակարևոր բաղադրիչներից մեկն այն սոսինձն է, այն կմախքն է, որը միմյանց է կապում ՏՏ ֆակուլտետում դասավանդնվող առարկաները։ Ես համոզված եմ, ԻԿՄ ֆակուլտետի հիմնադիր հայրերն ունեցել են այն ամբողջականության զգացումը, ինչն իրականում ընկած է այդ ուսումնական պլանի հիմքում։ Սակայն 50 տարիների ընթացքում այդ ամբողջականությունը փոխարինվել է նեղ մասնագիտացումներով, կարիերայում գրանցվող հաջողություններով և բարձր աշխատավարձերով։ Արդյունքում ժամանակակից ուսանողները ստանում են ֆրագմենտացված գիտելիք, որի տարբեր բաղադրիչները միմյանց հետ չեն կապվում և չեն իմաստավորվում մեկը մյուսով։ Գրեթե ոչ ոք չի հասկանում, թե մաթեմատիկական անալիզն ինչ կապ ունի ծրագրավորման հետ, և թե այդ ամենի հետ ինչ կապ ունեն Թյուրինգի մեքենան և վերջավոր ավտոմատը։

Իրավիճակից ելք կարելի է փնտրել հետևյալ եղանակով։ Պետք է բոլոր դասախոսներին հավաքել և կազմակերպել գիտելիքի փոխանակման և դասընթացների սինխրոնիզացման գործընթաց այնպես, որ յուրաքանչյուր դասախոս հստակ պատկերացնի, թե իր հետ զուգահեռ ընթացող դասընթացում ինչ է արվում և ինչ կապ ունեն այդ բոլոր առարկաները։ Ցավոք սրտի պետք է արձանագրել, որ այս լուծումը չափազանց բարդ է և գրեթե անհնար է իրագործել։

Կա մեկ այլ լուծում ևս՝ դասախոսներին աստիճանաբար վերապատրաստել և տարիների ընթացքում դարձնել լայն պրոֆիլի մասնագետ։ Պատկերացրեք, թե որքան արդյունավետ կլիներ դասապրոցեսը, եթե միևնույն դասախոսն անհրաժեշտության դեպքում դասավանդեր, և՛ դիսկրետ մաթեմատիկա, և՛ ԷՀՄ ճարտարապետություն, և՛ վեբ ծրագրավորում, և՛ կոմպիլատորներ, և՛ օպերացիոն համակարգեր, և՛ դիֆերենցյալ հավասարումներ։ Սա է՛լ ավելի անիրագործելի է թվում, ճի՞շտ է։ Բայց եկեք մանրամասնենք, թե ինչ պրոցեսի մասին է խոսքը։ Դասախոսների վերապատրաստումը ոչ թե պետք է տեղի ունենա 2 ամսում, այլ, օրինակ, 10 տարում։ Ֆունդամենտալ գիտելիքի կրող են հանդիսանում մեր սերնդի մասնագետների դասախոսները, ովքեր պատրաստակամ են երիտասարդների հետ կիսվել իրենց գիտելիքով։ Համոզված եմ, որ կան մեծ թվով երիտասարդ մասնագետներ, ովքեր հաճույքով կմիանան այս նախաձեռնությանը՝ ապահովելով նկարագրված գործընթացի արդյունավետ իրականացումը։

Այս պահի դրությամբ ես ինքս հասցրել եմ խորապես յուրացնել նշված շարքից բավական թվով առարկաներ, ինչն ինձ թույլ է տալիս կազմակերպել և միանձնյա անց կացնել համակարգային ծրագրավորման շատ լայն և լուրջ մի ուսումնական ծրագիր։ Կարծում եմ, որ ապագան հե՛նց այդպիսի լայն պրոֆիլով մասնագետներինն է և հենց նրանք են, ովքեր կդնեն Հայաստանի ՏՏ ոլորտի նոր պատմության հիմնաքարերը և կզբաղվեն լուրջ մասնագետների պատրաստմամբ։


Հեղինակ՝ Վահրամ Մարտիրոսյան