Ուսումը և ուսանողը

ԲՈՒՀ։ Ամպագորգոռ մի անվանում։ Դարերի խորքից կան ԲՈՒՀում սովորելու ավանդույթներ։ Տարիների և դարերի ընթացքում այդ ավանդույթները ձևափոխվել են, գտել են լայն տարածում, արժեվորվել/արժեզրկվել են և այսօր մենք ունենք տասնյակ ԲՈՒՀեր միայն Երևան քաղաքում։ Իսկ ինչի՞ համար են ԲՈՒՀերը։ Եվ, ամենակարևոր հարցը, արդյո՞ք ես պետք է ընդունվեմ ԲՈՒՀ և սովորեմ այնտեղ։

ԲՈւՀական կրթություն

Մարդկանց համար դպրոցը դիտարկվում է որպես ԲՈՒՀ ընդունվելու համար անհրաժեշտ մի խոչընդոտ, որը պետք է հաղթահարել պարզապես ատեստատ ստանալու և դեպի ԲՈՒՀ ճանապարհ հարթելու համար։ Լավ, բայց որ գնաս ԲՈՒՀ, ի՞նչ ես անելու։

Դե ԲՈՒՀն այնքան էլ համասեռ բան չի, կան տարբեր ֆակուլտետներ։ Ո՞րն է պետք ընտրել։ Պարզ չի՞՝ ամենամոդայիկները։ Ի՞նչ կապ ունի, թե ինչ մասնագետի կարիք կա շուկայում և քանի գեոդեզիստ է պետք մեր երկրին։ Ես ուզում եմ իրավաբան դառնալ․․․ Բայց իրավաբան դառնամ՝ որ ի՞նչ անեմ։ Որտե՞ղ եմ աշխատելու՝ որպես իրավաբան։ Հայաստանին քանի՞ դատապաշտպան, իրավաբան ու դատախազ է պետք։ Հարյո՞ւր։ Իսկ տարեկան քանի՞ իրավաբան են պատրաստում վերոնշյալ տասնյակ ԲՈՒՀերը։ Տարեկան մի քանի հարյուր իրավաբան ու տնտեսագետ ու ծրագրավորող ու բժիշկ ու մյուս մոդայիկ մասնագետներից են պատրաստվում։

Ես որոշել եմ։ Կընդունվեմ Հայաստանի ԱմենաԲՈՒՀը, որ ծնողներիս լեզուն երկար լինի ու հարևաններիս աչքը հանեմ։ Չորս տարի կգնամ-կգամ, ուսման վարձ կտանք, ու ձեռքի փող կտան ծնողներս։ Ես էլ կգնամ ԲՈՒՀ, մեկ-մեկ դասի կնստեմ, մեկ-մեկ էլ երեխեքի հետ բուֆետում կնստեմ։ Մեկ-մեկ կգնանք զբոսնելու ու կինո նայելու, լիքը համով բաներ կուտենք իրար հետ, ԲՈՒՀի բակում կզավառնենք, տարբեր հետաքրքիր իվենթների կգնանք․․․ Մի րոպե․․․ Հա, հիշեցի։ Ուրեմն՝ կգնամ ԲՈՒՀ սովորելու։ Բայց․․ Հա՞, որ։ Էսքան հետաքրքիր բան կա անելու։ Կյանքից վերցրու առավելագույնը, թույլ մի տուր, որ կենցաղային գորշությունը կլանի քեզ, ցույց տուր քո յուրահատուկ լինելը։ Չէ, լավ, ի՞նչ դաս։ Կգնանք բուֆետ, հետո ման գալու, հետո կինո։ Որոշված է։

Բայց դե ԲՈՒՀն էլ շատ խորամանկն է։ Իմ պես մեկը ինչպե՞ս կարող էր հայտնվել ԲՈՒՀում։ Ի՞նչ արժանիքներ ու գիտելիքներ ունեմ ես, որ ինձ ընդունեցին։ Չլինի՞ ուղղակի վճարունակ եմ։ Ես չէ, ծնողներս։

Ես կդառնա՞մ ծրագրավորող

Չէ, լավ, ի՞նչ տնտեսագետ։ Ես կդառնամ ծրագրավորող։ Չէ, չեմ դառնա, ուղղակի կսովորեմ ծրագրավորում։ Չէ, ոչ էլ կսովորեմ, ուղղակի կգնամ-կգամ։ Ասում են, որ հիմա աշխատաշուկայում էնպիսի սով է, որ նույնիսկ ծրագրավորողի կողքը կես ժամ նստած մարդը կարող է ծրագրավորողի գործ գտնել։ Այդպես էլ կանեմ։

Անցավ 4 տարի․․․ Ո՞նց անցան էս տարիները, բան չհասկացա։ Հիշում եմ, որ մի 50 հատ լավ կինո հասցրեցի նայել, մեկ էլ հոպ՝ արդեն դիպլոմ ունեմ։ Բայց ախր շատ վատ ԲՈՒՀ էր։ Ոչ մի բան չսովորացրեց։ Դասախոսները բանի պետք չեն։ Գալիս են ինչ-որ լեկցիաներ են կարդում գլխներիս, ինչ-որ բարդ-բարդ խնդիրներ են տալիս, ինչ-որ գրքեր են ստիպում կարդալ, դրդում են զարգանալ, սովորել։ Ինչի ես դրա համա՞ր էի եկել ԲՈՒՀ։ Լավ է գոնե, որ սկզբից էլ գլխի էի ընկել, որ բան չեն սովորացնելու ու դասերին չէի գնում։ Թե չէ էդ կինոները չէի հասցնի նայել դրանց դասերի ու տնայինների պատճառով․․․

Լավ, հիմա կարելի է մտածել մասնագետ դառնալու մասին։ Տեսնեմ՝ ո՞ր ուսումնական կենտրոնում են երաշխավորում, որ ավարտելուց հետո աշխատանք կգտնեմ։ Գնամ մի երկու ամիս մի բան սովորեմ՝ գործի տեղավորվեմ։

Էս ԲՈՒհը բանի պետք չէր․․․