Լինել դասախոս․․․

Մեր ժամանակներում լինել դասախոս նշանակում է անվերջ պայքարի դուրս գալ՝ այն էլ անվերջ մարտի դաշտում, այն էլ՝ անվերջ թվով հակառակորդի հետ։ Այսօր լինել դասախոս, նշանակում է պատրաստ լինել ամեն օր պայքարել՝ ուսանողին ճշմարիտ ուղու վրա բերելու համար։

Այսօր ամեն մարդ, ով ունի մի քիչ գիտելիք, տեսախցիկ ու գրատախտակ, համարվում է դասախոս։ Եթե ունես մի քիչ ազատ ժամանակ, համապատասխան տրամադրություն և քիչ թե շատ լուսավոր տարածք, ապա կարելի է սկսել դասավանդել։

Դասավանդել կարելի է ինչպես միջին մասնագիտական առարկաներ, այնպես էլ բարձրագույն որակավորում պահանջող մասնագիտությունների վերաբերող առարկաներ։ Կարելի է դասավանդել և՛ սուրճ դնելու հմտություններ, և՛ աստղաֆիզիկա։

Ինչպե՞ս չկորել այս անվերջ մրցակցության մեջ։

Բայց սա դեռ խնդրի միայն մի մասն է։ Խնդրի մյուս մասը կազմում են ուսանողները։ Այսօրվա ուսանողներն ունեն հետաքրքրությունների, մոտիվացիայի և համոզմունքների իրենց սեփական տարբերակները։ Ցավալին այն է, որ հետաքրքրությունների մեջ չկա տնային աշխատանք անելը, մոտիվացիաների թվում քիչ է հանդիպում որակյալ մասնագետ դառնալու ձգտումը, իսկ համոզմունքներում դժվար է լինում տեղ հատկացնել բարդությունների հաղթահարմանը։

Այսօրվա ուսանողներն ուզում են, որ ամեն ինչ պատահի ինչպես կախարդական փայտիկի հրամանով։ Մտածում են, որ եթե իրենք հայտնել են ցանկություն՝ դառնալ մասնագետ, կամ աշխատանք գտնել, ապա դե պետք է բավական լինի, որ դառնան։

Իսկ ի՞նչ պետք է անի դասախոսը։ Որտեղի՞ց գտնի մոտիվացիայի ի՛ր աղբյուրը։ Ինչպե՞ս ամեն օր ուժ գտնի իր մեջ՝ դասի գալու և այդ մարդկանցից իր պատկերացրած, իր երազած մասնագետը սարքելու համար։

Այսօրվա դասախոսը պետք է ունենա իր ներքին շարժիչ ուժը։ Չպետք է դրսում փնտրի մոտիվացիան, այն պետք է ներսից բխի։ Մոտիվացիան պետք է լինի ոչ թե ուսանողների ապագան, այլ իր՝ դասախոսի ապագան։ Չէ՞ որ սովորելու ամենալավ եղանակը սովորեցնելն է։

Դասախոսը պետք է սովորեցնի, որպեսզի, առաջին հերթին, հենց ինքը շարունակաբար աճի ու դառնա իր երազանքների մասնագետը։ Պետք է աճի, որպեսզի ուսանողները տեսնեն և իրենք էլ ձգտեն այդ մակարդակին։ Պետք է աճի և իր իսկ օրինակով ցույց տա, որ իր դասավանդածն օգուտ է բերում մասնագետ դառնալու բարդ ուղու վրա։

Դժվար է լինել դասախոս այս անողոք աշխարհում, որտեղ ամեն ոք դասախոս է, իսկ մնացածներն էլ չեն ցանկանում տնային հանձնարարություններն անել։ Բայց շատ մարդկանց համար դա միակ ուղին է։

Գնահատեք ձեր դասախոսի աշխատանքը, քանի որ նա այսքան բարդ ուղու վրա է և չի պատրաստվում կիսատ թողնել իր գործը։

Հեղինակ՝ Վահրամ Մարտիրոսյան