Դպրոցի մասին

Դասական մոդելով՝ ծրագրավորողի կրթություն պետք է ստանալ ԲՈՒՀերում։ Մեզնից շատերն են անցել այդ ճանապարհով, կամ պատրաստվում են անցնել։ Սակայն պետք է սովորելիս հաշվի առնել ներկա իրողությունները։ Ես ինքս հանդիսանում եմ բուհական, ակադեմիական կրթության ամենամեծ ջատագովներից մեկը, բայց իրողությունն այն է, որ այսօրվա բուհերը չեն տալիս այն կրթությունը, որը պահանջվում է այսօրվա մասնագետից։

Այսօրվա բուհերում հաճախ դասավանդում են մարդիկ, ովքեր երկար տարիներ ի վեր չեն ծրագրավորել, տեղյակ չեն ժամանակակից տեխնոլոգիաներից և այսօրվա շուկայի պահանջներից։ Մարդիկ, ովքեր նախկինում ունեցել են մեծ արժանիքներ և նվաճումներ, բայց ժամանակին չեն փոխարինվել նոր կադրերով։ Այս խնդիրն առկա է կրթական ողջ համակարգում, բայց ամենացավոտն անդրադառնում է խիստ ժամանակակից և արագ աճող մասնագիտությունների վրա, որոնցից է ծրագրավորումը։

Այս բացը վաղուց է հայտնի, և արդեն շատ ձեռներեցներ եկել են լրացնելու այն։ Ամենուրեք կարելի է տեսնել տարատեսակ ուսումնական կենտրոններ, որոնք կարող են օգնել և՛ մասնագետ դառնալու հարցում, և՛ աշխատանք գտնելու գործում, և՛ վերապատրաստման պահով։ Այսպիսի կենտրոնները կարելի է բաժանել մի քանի կատեգորիաների, ինչպես ըստ մատուցվող ծառայությունների որակի, այնպես էլ ըստ իրենց բիզնես մոդելների։ Սակայն նրանք ունեն մի ընդհանուր բան՝ տալիս են կարճ ճանապարհ մասնագետ դառնալու, աշխատանք գտնելու և գումար վաստակելու համար։

Հաշվի առնելով այս ամենը չպետք է մոռանանք նշել, որ ուսումնական կենտրոնները մի շատ մեծ տարբերություն ունեն բուհերից՝ նրանք հիմնականում չեն տալիս ֆունդամենտալ գիտելիք։ Բանն այն է, որ ֆունդամենտալ գիտելիքն այնքան էլ մեծ պահանջարկ չունի գործատուների շրջանում։ Մարդկանց ավելի հետաքրքրում է արագ և մակերեսային գիտելիքը՝ ՋավաՍկրիպտ, Փայթըն կամ մեկ այլ մեզու և մի երկու գրադարանի օգտագործման եղանակ սովորել և աշխատանքի ընդունվել։

Ես չեմ ասում, թե դա վատ է, այլ ասում եմ, որ դրանով հեռու չենք գնա։ Եթե բոլոր ծրագրավորողները նշված եղանակներով պատրաստվեն, ապա որոշ ժամանակ անց մեր երկիրը կսկսի զիջել իր դիրքերը համաշխարհային ՏՏ քարտեզի վրա։ Մեր, Հայաստանի այցեքարտը տարիներ ի վեր եղել է որակյալ մասնագետը։ Մենք եղել ենք բարդ համակարգ կառուցող, լուծումներ տվողներ։ Իսկ այսօր բռնել ենք կայք պատրաստողների երկիր դառնալու ուղին։ Այդ ուղու վերջում մեզ սպասում է կործանում, քանի որ շուկայի այդ սեգմենտն արդեն զբաղեցված է հնդկաստաններով, նիգերիաներով և պակիստաններով։ Մենք նրանց հետ չենք կարող մրցակցել այդ որոլտում։ Մենք պետք է շարունակենք մնալ որակյալ մասնագետ տվող և ունեցող երկիր։

Եվ այստեղ հենց մեջտեղ է գալիս Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը։ Դպրոցի անունը միայն բավական է շատերին վանելու համար։ Մեկը չի սիրում Թյուրինգին, մյուսը՝ փիլիսոփայություն, երրորդն էլ՝ երկար անուններ։ Բայց նրանք, ովքեր ունեն որակյալ և ֆունդամենտալ կրթություն ստանալու մտադրություն՝ հակառակը, այս անվան մեջ գտնում են իրենց համար պետքական և հարազատ ելևեջներ։

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը հիմնադրվել է մտքում ունենալով երազանք՝ վերստեղծել որակյալ մասնագետ պատրաստելու գրեթե կորսված ուղին։

Կհանդիպենք մեր դպրոցում։

Հեղինակ՝ Վահրամ Մարտիրոսյան